ՀՀ նախագահի փետրվարյան ուղերձի լեյտմոտիվը հետևյալն էր. ամեն ինչ արվում է, ամեն ինչ պետք է արվի, որ երկիրը հզորանա, պետք է աշխատել ավելի լավ, արդյունավետ և այլն, և այլն: Այդ «պետք է»-ների արդյունքում երկիրը միայն հետընթաց է ապրում:
Եթե այս ուղերձը լիներ 2008 թվականին և ցուցաբերվեր անհրաժեշտ պահանջկոտություն, ապա, համոզված եմ, այսօրվա տխուր պատկերը չէինք ունենա: Հայացք ձգելով մեր իշխանական վերնախավի երկար ու ձիգ տարիների աշխատանքային մոնոտոն գործունեության վրա՝ հուսալի կասկածի տակ են դրվում մեր վաղվա սպասվող հաջողությունները՝ նրանց իսկ մասնակցությամբ: Հաշվի առնելով նաև տարածաշրջանային բուռն զարգացումները՝ երկրի դինամիկ զարգացման համար Սերժ Սարգսյանը պետք է կտրուկ շրջադարձ կատարի և ասպարեզ բերի հայկական գիտա-ինժեներատեխնիկական ողջ բանակը, որի շարքերը դեռ շատ չեն նոսրացել:
Կարծում եմ՝ խնդիրը պետք է բաժանել երկու մասի.
1. Տնտեսության ռազմավարական ծրագրերի իրականացում:
Այս ուղղություններով պարտավոր է զբաղվել կառավարությունը՝ անձամբ նախագահի հսկողությամբ՝ հենվելով իր իսկ կարող, փորձառու և պրոֆեսիոնալ ուժերի վրա: Այստեղ կազմակերպական տեխնոլոգիաները, որոնց վրա են հենվում մեր իշխանավորները, էական դերակատարում չեն կարող ունենալ:
2. Փոքր և միջին նոր տնտեսությունների զարգացում:
Նրանց պատասխանատվությունը պետք է դրվի մարզպետների և խոշոր համայնքների ղեկավարների վրա:
«Պետք է»-ից անցումը կոնկրետին ժամանակի ուշացած հրամայականն է: Շատ կարճ ժամկետում նրանք պարտավոր են վարչապետի սեղանին դնել իրենց իսկ մարզերի և քաղաքների տնտեսության զարգացման պլանները, նոր մոտեցումները՝ հենվելով ինչպես իրենց, այնպես էլ դրսի համաքաղաքացիների կարող ուժերին: Օրինակ, ամենուրեք ունենք բերք ու բարիքներ, որոնց հիմնական մասը ուղղակի կորչում է Արարատյան դաշտի խաղողից էլ առավել: Ինչո՞ւ նրանք չպետք է նվաճեն թուրքական ապրանքներից թափուր մնացած ռուսական մեծ շուկան՝ այն էլ արևային տեխնոլոգիաներով մշակված: Ի դեպ, 2008 թ. հունվարին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում ներկա էի նախընտրական այն հանդիպմանը, երբ հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը իր արևային նոր համակարգերը և հեռանկարային տեխնոլոգիաները ներկայացնում էր Սերժ Սարգսյանին. նա տպավորված էր այդ նոր ուղղությամբ: Բայց ի՞նչ եղավ հետո: Ինչո՞ւ մինչ օրս այդ ծրագրերը չաշխատեցին Հայաստանի համար: Ի՞նչ են մտածում մեր տնտեսական բլոկի անցած և ներկա նախարարները, մեր պատգամավորները, հանրային խորհուրդը: Կարծում եմ՝ նրանք գիտեն այս պարզագույն բանաձևը՝ «Հայաստանի տնտեսությունը կարող է ճգնաժամից դուրս գալ միայն նոր գաղափարների վրա հիմնված տնտեսություն կազմակերպելու միջոցով, երկրի նոր ինդուստրալիզացիայի ճանապարհով»:
Հարգելի Վազգեն Մանուկյան և Վազգեն Սաֆարյան, ես պաշտպանում եմ գյուղական կոոպերատիվներ ստեղծելու ձեր գաղափարը: Կոոպերատիվների զինանոցում այսօր չունենալ Համազասպյանի առաջարկած արևային մինիգործարան-չորանոցները, կարծում եմ, շատ մեծ բացթողում կլինի: Նման գործարաններ դեռևս չկան և ոչ մի տեղ, իսկ ցանկության դեպքում Հայաստանում և Ղարաբաղում կարող ենք ունենալ հարյուրավորները: Կունենանք մրգի և բանջարեղենի վերամշակման բարձր արևային տեխնոլոգիաներ՝ դաշտերի և այգիների անմիջական հարևանությամբ, որոնց արդյունքում բարձրորակ էլիտար սնունդը կարող է մտնել համաշխարհային շուկա:
Տեղին է նշել մեկ հանգամանք ևս. ընթանում են համայնքների խոշորացումներ: Ի՞նչ կտան նրանք հասարակ գյուղացուն: Ոչինչ, եթե չլուծվի նրա ստեղծած բերք-բարիքի իրացման խնդիրը: Ճիշտ կլիներ, օրինակ, որ նորաստեղծ Դիլիջանի համայնքի բոլոր 5-6 գյուղերի համար կառուցվեր գոնե մեկ արևային մինիգործարան-չորանոց, և գյուղացու ողջ պտուղը, ինչպես նաև անտառային բարիքները, ընդունվեին, մշակվեին և իրացվեին կենտրոնացված կերպով: Այս խնդիրը, կարծում եմ, մեծ հաջողությամբ կարող են լուծել և օրինակ ծառայել «դիլիջանցի» Ռուբեն Վարդանյանը և նոր համայնքի առաջին ղեկավար Արմեն Սանթրոսյանը, որին շնորհավորում եմ ընտրվելու կապակցությամբ:
Մնում է ավելացնել՝ ի՞նչ նոր գաղափարի է սպասում գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ինչո՞ւ է հապաղում մեր վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը: Իրանի հետ ցանկանում ենք համագործակցել, շատ կարևոր է, բայց ո՞ր բնագավառում: Գազն ու երկաթգիծը հասկանալի են, բայց ինչո՞ւ աչքաթող անենք արևային բնագավառում մեր համագործակցության հեռանկարները:
Նախագահի ուղերձի լույսի ներքո պետք է և նորից պետք է անցնել գործի: Իհարկե կարելի է...
Երկաթը տաք-տաք կծեծեն։
Գրիգոր ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ